BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ի՞նչ անի Իշխանը, ընդդիմանա՞

Ի՞նչ անի Իշխանը, ընդդիմանա՞
24.07.2015 | 10:49

Գուցե առայժմ քչերը գիտեն, սակայն ևս մի քանի աննշան օր, ու հայոց լեռներից ի լուր ողջ աշխարհի կթնդա Համահայկական խաղերի համամոլորակային ազդարարումը՝ դարակազմիկ մի իրադարձություն, որը հերթական՝ վեցերորդ անգամ կցնցի աշխարհը՝ արեգակնային համակարգի մարզական կյանքը լցնելով հայ տարրի աներևակայելի նվաճումներով:

Բարձր տոներո՞վ սկսեցի, ու դրա համար անկեղծորեն կասկածո՞ւմ եք:
Լա՜վ: Այս դեպքում խորհուրդ կտամ պահանջված ողջամտության շրջանակներում դրսևորվել, բացել նախորդ համահայկականների գրանցամատյաններն ու տեսնել, թե ի՜նչ երևելի մարզական արդյունքներ են գրանցվել դրանցում:
Ծանոթանալով դրանց, խնդրանքս է, չմտածել, առավել ևս ձեր մեղսավոր հոգով չբարձրաձայնել, որ, դիցուք, ձեր բակի Սուրենչիկը կամ Էլենչիկը հարյուր մետր վազքատարածությունում ավելի բարձր արդյունք են ցույց տալիս կամ, ասենք, 25-մետրանոց լողավազանը մեկ շնչով են կտրում-անցում ու դրա համար բնավ էլ փրկարարների օգնության կարիք չունեն: Խնդրում եմ՝ չմտածեք այդպես, որովհետև ձեր հանցավոր զուգահեռներով դուք կվարկաբեկեք ոչ թե Համահայկական խաղերը կամ նրա մասնակիցներին, այլ կվարկաբեկեք ձե՜զ, քանզի ձեր բակի Սուրենչիկի կամ Էլենչիկի մարզական արդյունքներն ընդամենը համաբակային նշանակության են, բայց ոչ երբեք համահայկական, ու դրանք իրենց մասշտաբային չնչինությամբ, ավելին՝ ճղճիմությամբ, ոչ միայն ոչ մի կերպ չեն նպաստում երկրի մարզական կյանքի ակտիվացմանը, այլև Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը, մինչդեռ այս երկու ակնառու գաղափարները հայրենիքում Համահայկական խաղեր անցկացնելու թիրախային ուղենիշներն են՝ այնքան հաջող, գաղափարապես առողջ ու տեղին գտնված Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի, անձամբ նրա նախագահ Իշխան Զաքարյանի կողմից, որքան էլ դրանք վարպետորեն յուրացված են խորհրդային երիտասարդ դիվանագետ, երջանկահիշատակ Աշոտ Մելիք-Շահնազարյանից (այստեղ հարկավ մի երկու բառ էլ կարելի էր ասել առողջ գաղափարից նույնպես զուտ պրոպագանդայի վերածած «Արի տուն»-ից, բայց բավարարվենք այսքանով):
Լիկբեզն այս մասով համարելով ավարտված՝ անցնենք առաջ:
Տեսնելով, որ ալամ աշխարհի ապշած հայացքի առաջ համամոլորակային արդյունքներ են գրանցվում խաղերում՝ այս վեցերորդում կազմկոմիտեն գնացել է ավելի առաջ՝ մարզաձևերի թիվն ավելացնելով ևս յոթով: Ասել է թե՝ նախորդ տասի փոխարեն աշխարհը մեր հետևից ենք գցելու ևս յոթով:
Մասշտա՞բ է:
Մասշտա՛բ է:
Բա ի՞նչ, իմացեք մերոնց ¥ռուսը կասեր` ջվՈռ վՈՔՌւ) ու, ի դեմս մերոնց, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ով դեռ մեկ անակնկալ չէ, որ անշահախնդրորեն նվիրաբերելու է հայ հանրությանը, և մի հավատացեք չար լեզուներին, թե մասնավորապես ամեն մի համահայկականից հետո ձնագնդի պես մեծանում է նրա անձնական կարողությունը, և թե իբր պետական պաշտոնյայի նրա աշխատավարձի պայմաններում հնարավոր չէ նման կարողություն դիզել:
Հնարավոր է: Շատ էլ հնարավոր է:
Պարզապես պիտի ունենալ հարուստ ընկերներ, ովքեր քրիստոնեաբար իրենց կարողությունից մաս են նվիրաբերում քեզ հանուն երկրին մատուցած ծառայությունների, իսկ հարուստ ընկերներ ունենալը մեզանում կարծես քրեորեն հետապնդելի չէ:
Հիմա, ասենք թե, հաշվի առնելով ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանի զգալի ներդրումը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, Համահայկական խաղերի անցկացման և Հայաստանում գոլֆ մարզաձևի արմատավորման գործում, Իշխան Զաքարյանի մերձավորագույն ընկեր Ալբեր Բոյաջյանն առաջարկել է բարերարին ընտրել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» կազմակերպության պատվավոր անդամ, ու կոմիտեի գործկոմը քվեարկել է հօգուտ դրա, Իշխան Զաքարյանն ի՞նչ անի:
Ընդդիմանա՞:
Դե՞մ կանգնի:
Հասկացանք, որ մարդը կոմիտեի նախագահն է, բայց հո ամբողջ կոմիտեն չէ՞: Օբյեկտիվ լինենք՝ խեղճ մարդու ունեցած-չունեցածն այդ կոմիտեում ընդամենը մեկ ձայն չէ՞: Այդ մեկ ձայնով, անգամ շա՜տ ընդդիմանալու դեպքում, կարո՞ղ է եղանակ ստեղծել: Սա էլ ձեր գովական դեմոկրատիան:
Լավ, գլուխը ո՞ր պատովը տա Իշխան Զաքարյանը, եթե Ալբեր Բոյաջյանի օրինակով, ով զուտ ընկերաբար, զուտ մարդկայնորեն օգնել է նրան կառուցելու մի համեստ դղյակ, Վահագն Հովնանյանն էլ վերցնի ու իր հերթին զուտ մարդկայնորեն, զուտ ընկերաբար օգնի նրան, դիցուք, հյուրանոցային համալիր կառուցելու:
Ի՞նչ անի:
Հրաժարվի՞:
Բա որ Վահագն Հովնանյանը նեղանա՞ (էս հարուստներն էլ, գիտեք, որ նեղանում են, մի այլ կերպ են նեղանում):
Մտածե՞լ եք այս բաների մասին: Թե չէ դրել եք ու չորով ասում եք, թե այդ ինչպե՞ս է Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի դիրքերից վերահսկելու, զորօրինակ, Համահայկական խաղերի բյուջեն, որը, պետականից զատ, սնուցման այլ աղբյուրներ էլ ունի, ինչպե՞ս է համատեղելու այդ երկու ծանրագույն պաշտոնները, որքան էլ դրանցից մեկը հասարակական հիմունքներով է, ինչպես է, որ դուք ամբողջ կյանքում աշխատում ու մի շան «բուդկա» էլ չեք կարողանում սարքել, մինչդեռ ինքը…
Ինքն ի՞նչ: Թողեք մարդը հանգիստ իր բաժին խաչը տանի, քանի դեռ… Իսկականից, ի՜նչ լավ եղանակներ են հայոց աշխարհում, ու ծիրանի բերքն էլ, ոնց որ, նախորդ տարվա համեմատ լավ էլ առատ էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ